Ինչ է սպասվում Ազգային ժողովի առաջին նիստում

Կիսվել

Ինչպես հայտնի է՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին` ժամը 10.00-ին:  Նոր խորհրդարանը կազմված է լինելու երեք խմբակցություններից՝  «Իմ քայլը» դաշինք (88 մանդատ), ԲՀԿ (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» (18 մանդատ):

Խորհրդարանի առաջին նիստում ընտրվելու են աԺ ղեկավար կազմի անդամները, հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները։ Արդեն իսկ հայտնի է, որ  «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում՝ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ ԱԺ նածագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցություններից և  «Լուսավոր Հայաստանը» ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» դեռ չի հայտնել իր թեկնածուի անունը, սակայն մի քանի անուն է շրջանառվում։ Իսկ ահա խորհրդարանն այս անգամ վարչապետ չի ընտրելու։

Բանն այն է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածը նախատեսում է, որ խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո մեծամասնության առաջարկած թեկնածուին ՀՀ նախագահը նշանակում է վարչապետի պաշտոնում: Սահմանադրության 150-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Իսկ արդեն կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:  Հայտնի է նաև, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կլինեն․ այդ ամենը դեռ քննարկման փուլում է։ 

Այլ լուրեր

Կարդալ նաև