ԿԸՀ-ն ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին 48 ժամ ժամանակ էր տվել համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար։
Փորձեցինք պարզել, արդյոք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական բոլոր ուժերն են հասցրել տրված ժամկետում ներկայացնել պակասող կամ անհրաժեշտ փաստաթղթերը։
ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող։
«Այսօր ԿԸՀ-ում նիստ է գումարվելու, նիստում քննարկվելու են մի շարք հարցեր՝ այդ թվում նաև այդ հարցը»,-տեղեկացրեց Հարությունյանը։
Նա ասաց, որ նիստը բաց է լինելու և ցանկացողները կարող են հետևել՝ ամենայն հավանականությամբ այդ հարցն էլ կքննարկվի։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ին հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգի հարցերի զգալի մեծամասնությունը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացված փաստաթղերում առկա բացթողումներին:
ԿԸՀ-ի նիստում որոշում կայացվեց «Ազատ Հայրենիք կուսակցությունների դաշինք», «Պատիվ ունեմ դաշինք», «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», «Արդար Հայաստան» կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան կուսակցություն, « Հայոց Հայրենիք» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն, «Միասնական Հայրենիք» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն, «Հայ ազգային կոնկրես» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, Զարթոնք ազգային քրիստոենական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն քաղաքական ուժերին տրամադրել 48 ժամ ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար:
Փաստաթղթերում բացթողումները առնչվում էին որոշ թեկնածուների վերջին 4 տարին ՀՀ քաղաքացի լինելու, ՀՀ-ում վերջին 4 տարին մշտապես բնակվելու տեղականքին, հայերենին տիրապետելու մասին հանգամանքը փաստող փաստաթղթերին: