18.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Երկրի գերագույն գլխավոր բլոգերը. Tik Tok-ն ու Instagram‐ը մեզ օգնական

Կիսվել

Եթե մինչև այսօր մտածել եք, որ սոցցանցերում ակտիվություն են ցուցաբերում, լայքերից, մեկնաբանություններից ուրախանում են դեռահասներն ու բլոգերները, ապա սխալվել եք։ Պարզվում է, 48 տարեկան հասուն (գոնե արտաքնապես այդպես թվացող), երկրի թիվ մեկ կարևոր պաշտոնը զբաղեցնող մարդը, ով պատերազմական իրավիճակում գերագույն գլխավոր հրամանատար է, սողացող պատերազմի պայմաններում կարող է տարվել սոցցանցերով։

Տավուշի գյուղերի հանձնման ֆոնին Փաշինյանն իր համար նոր զբաղմունք է գտել՝ Tik Tok-ի և Instagram‐ի համար սկսել է վարել «Զրույցներ երկրի մասին» շարքը, որտեղ խոսում է քաղաքացու իրավունքների և պարտականությունների մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հարթակում հիմնականում երեխաներն ու երիտասարդներն են, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը փորձում է իր երբեմնի վարկանիշը բարձրացնել երիտասարդների միջոցով։ Իհարկե, դժվար թե տիկտոկյան հարթակում որևէ մեկին հետաքրքրեն Փաշինյանի երկար բարակ, տերմինաբանություններով տեսանյութերը, այնուամենայնիվ, վարչապետը փորձում է։ Ժողովրդի սիրուն կրկին արժանանալու փորձերը գովելի կլինեին, եթե դրան հասնելու ճանապարհն այսքան պարզամիտ չլիներ։

Այսօր, երբ անվտանգային լուրջ խնդիրների առջև ենք կանգնած, բազմաթիվ արցախցիների կենսական նշանակության հարցեր դեռևս չեն լուծվել, զինհաշմանդամների, պատերազմում զոհվածների, անհետ կորածների ընտանիքները բազմաթիվ խնդիրներ ունեն, իշխանությունը պիտի գիշեր ու զօր աշխատեր, սակայն պարզվում է, մեր երկրում այնքան քիչ գործ կա, որ կարելի է ժամանակ ծախսել Tik Tok-ի և Instagram‐ի համար ինֆորմատիվ տեսանյութեր նկարելու վրա։

Այդուհանդերձ չենք կարող չարձանագրել մի փաստ` ՀՀ վարչապետը գտել է իր ժողովրդի սիրտը տանող ճանապարհը։ Մի ամբողջ պետականության կառավարում, երբ հասցվում է սոցցանցերի մակարդակի, բնական է, որ այդ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է իրեն փորձի բլոգերության ասպարեզում։

Փաշինյանի, բլոգերության հանդեպ սերը սակայն, նոր չէ։ Դրան ականտես ենք եղել դեռևս 2018 թվականին, երբ ուրախացած, զարմացած ու իր բախտից հիացած վարչապետը ցույց տվեց կառավարական ամառանոցը՝ արտաքնոցից մինչև այգի։ Այժմ, վարչապետի մոտ կրկին արթնացել է բլոգերի ոգին. թրենդային և էպիկ կարճ տեսանյութերից անցնում ենք ինֆորմատիվ եթերների։

Վատ չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը թողներ պետության կառավարումն ու իրեն ամբողջությամբ նվիրեր բոլգերությանը։ Գուցե դա շատ ավելի լավ ստացվի նրա մոտ, իսկ մենք ազգովի խոստանում ենք՝ կհետևենք, կսրտիկենք ու կլայքենք, միայն թե այլև չզբաղվի քաղաքականությամբ ։ Այդժամ մենք հիրավի կարդարացնենք տարածաշրջանի ամենաերջանիկ երկիր լինելու տիտղոսը։

Տաթև Կոստանդյան

Այլ լուրեր

Կարդալ նաև