«Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որի կազմում ընդգրկված է երկու կուսակցություն’ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Վահե Հակոբյանի նորաստեղծ «Վերածնվող Հայաստանը», համարվում է ամենաարմատական ընդդիմությունը, եւ իշխանական ողջ ռեսուրսը ծախսվում է նրանց դեմ պայքարի վրա: Մենք զրուցել ենք «Հայաստան» դաշինքի թեկնածու` ցանկի 50-րդ համարի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու’ Լեւոն Քոչարյանի հետ:
— Լեւոն, Դուք ընդգրկված եք «Հայաստան» դաշինքի ցուցակում, որը գլխավորում է Ձեր հայրը, Դուք էլ 50-րդ համարն եք: Նախ’ ինչու որոշեցիք մտնել քաղաքականություն:
-Գիտեք, եթե տարիներ առաջ ինձ ասեին, որ նման բան հնարավոր է, երեւի չէի պատկերացնի, բայց հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ թիմից եղավ առաջարկ, եւ պարզապես չէի կարող մերժել ու մի կողմ քաշվել չէի կարող:
-Այսօր Ռոբերտ Քոչարյանից ու նրա թիմից կոնկրետ ակնկալիքներ կան հասարակության մոտ ձեւավորված, շատերի մոտ վրեժխնդրություՆ կա, որ Ռ. Քոչարյանը կգա ու վրեժ կլուծի այս իշխանություններից՝ նրանց պատճառած վնասների համար: Բայց մինչ դա, մենք նախ ունենք ամենակարեւոր հարցը՝ մեր երկրի սահմանների անվտանգության հարցը, գերիների խնդիրը: Դուք ինչ եք խոստանում ՀՀ քաղաքացուն՝ անվտանգության, սահմանների, ինչ-որ տարածքներ հետ բերելու հավանականության հետ կապված:
-Մենք խոսել ենք այդ մասին, հայրս էլ է խոսել: Նախեւառաջ, երկրում պետք է հաստատել կայունություն, մթնոլորտը փոխել եւ իրոք համախմբել ազգը, սփյուռքը, եւ բոլորս ի վերջո պետք է հասկանանք, որ մեր պարտության պատճառը եղել է վերջին տարիների այս բեւեռացումը, որը շարունակաբար կատարվում է իշխանության կողմից: Էստեղ շատ կարեւոր է իրոք համախմբվելը: Ամենայն անկեղծությամբ, իշխանության գալու մեր ձգտումը, հայտ ներկայացնելու շարժառիթը վրեժխնդրությունը չէ: Մենք չենք գալիս դրանով լցված: Իհարկե, եթե կան մեղավորներ, եւ եթե պարզվի՝ մարդիկ գործել են հանցանքներ, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դա պետք Է լինի օրինականության շրջանակներում, բայց օրենքից դուրս’ վենդետաներ, մենք բացառում ենք:
-Առավոտյան, Երբ գալիս էի աշխատանքի, ծանոթներիցս մեկը հանդիպեց, ով այս թեմայով խոսքի մեջ ասաց’ Ռոբերտ Քոչարյանը Պուտինի ընկերն է, եւ եթե նա գա իշխանության, հույս կա, որ Պուտի-նը կօգնի նրան եւ, ըստ այդմ՝մեզ, հետ բերելու գոնե Հադրութն ու Շուշին: Այսինքն՝ մարդկանց մոտ նման ակնկալիքներ կան:
-Մենք տեսնում ենք հնարավորություն, որ բանակցային ճիշտ գործընթացի արդյունքում հնարավոր է, եւ պետք է անել առավելագույնը, որպեսզի ԼՂԻՄ տարածքի մեջ գտնվող Հադրութը եւ Շուշին հետ բերվեն, մենք այդ հնարավորությունը տեսնում ենք: Իհարկե, այստեղ մեծ դեր ունեն եւ շատ կարեւոր են Ռուսաստանի նախագահի հետ անձնական հարաբերությունները, փոխադարձ վստահությունը:
-Ձեր դաշինքի ֆոտոշարքը շատ քննարկվեց համացանցում: Շատերին այն դուր է եկել՝ սպիտակ վերնաշապիկներով, ուրախ եւ պոզիտիվ ֆոտոշարք է, կիրթ մարդկանց: Բայց նաեւ եղան կարծիքներ, որ սա կարծես էլիտայի ցուցադրություն լինի, որ դուք այս հասարակության էլիտան եք՝ գլամուր, թանկարժեք վերնաշապիկներով, հարուստ, ճոխ կյանքով ապրող, ինչը հեռու է հասարակ ժողովրդից: Մինչդեռ Փաշինյանը եկավ հասարակ քաղաքացու կերպարով՝ ժողովրդի հետ փողոցում բուլկի ուտելով, հնամաշ ու կեղտոտ շորերով, եւ նրան հավատացին: Թեեւ դա հետո ընկալվեց որպես պոպուլիզմ:
-Ես հասկանում եմ, որ պոպուլիզմի դասական գործիքներից է դա, որ մենք ձեզնից մեկն ենք, մենք ժողովրդի միջից ենք դուրս եկել: Բայց նաեւ ժողովուրդը, տեսնելով անցած երեք տարիներին այս իշխանության վարած քաղաքականությունն ու մնացած արդյունքները, պետք է հասկանա, որ նրանք ամեն ինչով ուղղակի խաբել եւ մոլորեցրել են ժողովրդին: Այսինքն՝ էստեղ պետք է ընտրողները ճիշտ գնահատեն իրավիճակը: Ոչ թե էմոցիաներով, ինչպես նրանք են փորձում, այլ պարզապես պետք է նայեն արդյունքներին: Իսկ էն, ինչ Դուք ասում եք’ չգիտեմ, վերնաշապիկի գնից խոսելը կամ չգիտեմ ինչը, դրանք շեղելու միջոց են՝մարդկանց մի մասի մոտ առկա նեգատիվն ավելի խորացնելու, մի մասի մոտ՝ առաջացնելու համար:
-Ի դեպ, այս կոնտեքստում Ձեզ համեմատում են Նիկոլ Փաշինյանի որդու հետ, որ նա գարեջրատանը գարեջուր է վաճառում, ասում են՝ տեսեք, թե ինչ համեստ է Հայաստանի վարչապետի որդին, օլիգարխ չէ, բիզնեսով չի զբաղվում, աշխատում է, թիկնապահներով չի շրջում, թեպետ թիկնապահները դիմացի մայթին հսկում են նրան, իսկ նախկին նախագահի որդիները, տեսեք, թե ինչ ճոխ կյանքով են ապրում:
-Ընդհանրապես, ընտանիքը թիրախավորելն իմ սրտով չէ: Հիմա տղա է, երիտասարդ տղա է, տարբեր տարիքով անցնում է, տարբեր նախասիրություններ կարող է ունենալ, բայց ես չեմ սիրում, երբ թիրախավորում են երեխաներին։ Դա մեր նկատմամբ եղել է, ես զգացել եմ դա տարիներ շարունակ ու դա պարզապես ճիշտ չեմ համարում, ևև մեզ հետ կապված հիմնականում եղել է կեղծիքի, ստի վրա հիմնաված։ Ես՝ ինքս, դեռ փոքր հասակից, Արցախից սկսած՝ էդ պատասխանատվության բեռի տակ եմ ապրել՝ հորս պաշտոնի, դիրքի հետ կապված և դա շատ պարտավորեցնող է։ Բայց մենք երբեք ընտանիքի գործոնը չենք փորձել նաև դարձնել PR-ի առարկա։ Դա էլ եմ սխալ համարում։
-Այսինքն՝ Դուք չէիք գնա և գարեջուր չէիք վաճառի միայն նրա համար, որ ասեին Հայաստանի վարչապետի որդին ոչ թե ինչ-որ տեղ նախարար է աշխատում կամ խոշոր բիզնեսմեն է, այլ գարեջուր է վաճառում։
-Ես երբեք դա չէի անի PR-ի համար։ Եթե այդ ցանկությունն ունենայի, իհարկե, կանեի։ Շատ բաներ են եղել, որ արել ենք, որոնք գուցե PR-ի տեսանկյունից շատ լավ կօգտագործվեին, բայց մենք էդ քայլերին չենք դիմել։ Ես նաև երբեք անվտանգության աշխատակիցներ չեմ ունեցել ո՛չ հորս նախագահության տարիներին, ոչ էլ դրանից հետո։ Եթե դու գնում ես ինչ-որ տեղ աշխատելու ու դա PR ես անում, բայց զուգահեռ, ինչպես ասացիք, փողոցի մյուս կողմում պետությունը ծախսում է շատ ավելի շատ գումար քո անվտանգությունն ապահովելու համար, դա մի քիչ անտրամաբանական է։
-Դուք ասացիք, որ վենդետաներ չեն լինելու, բայց Ձեր հայրը հանդիպումների ժամանակ հաճախ է խոսում, որ ոչ ոք պատասխանատվությունից չի փախչելու, բոլորը պատասխան են տալու, ու նրանից էլ կարծես նման ակնկալիքներ ունեն ոմանք, որ Քոչարյանը գալու է ու պատժի սրանց: Կարծում եք’ ճիշտ է այսօրվանից սկսած նման ակնկալիքներ ձեւավորելը, որ մարդիկ ավելի շատ վրեժխնդրությամբ լցվեն:
-Ես չգիտեմ՝ որ հատվածներն են կտրում, չգիտեմ՝ հարցերը հնչում են, թե չէ, որ ասում եք՝ նման բաներ է ասում, որովհետեւ մենք հիմա հանդիպումներ ենք ունենում մեր ակտիվների հետ, եւ դա լինում է հիմնական հարցերի պատասխանը: Այսինքն’ ամեն տեղ կա այդ հարցը, որ, պարոն նախագահ, ինչ եք անելու, պետք է էս իրենց արածի համար պատասխանատվության ենթարկվեն, եւ ամեն տեղ շեշտվում է, որ ինչ էլ լինի, պետք է լինի արդարադատություն, ոչ թե վրեժխնդրություն: Ու նաեւ ինքը, վերջին տարիներին ենթարկվելով այդ քաղաքական հալածանքներին, էլ ավելի է արժեւորում եւ կարեւորում իսկապես արդարադատությունը:
-Փոխարենը’ մարդիկ հիշում են հեռավոր 2000-ականները՝ Ձեր հայրիկի կառավարման տարիները, ու ասում, որ Ռոբերտ Քոչարյանը եթե վերադառնա, մենք նորից կվերադառնանք հին 2000-ականները՝ օլիգարխներ, սպանություններ, անպատժելիություն, որն այսօր էլ կա, իհարկե: Մոնոպոլիաներ, բիզնեսներ խլելու փորձեր, Եւ այսպես շարունակ:
-Տեսեք, մենք այս 30 տարվա ընթացքում անցել ենք տարբեր փուլերով, եղել են 90-ականները՝ իրենց արատավոր երեւույթներով, հետո եկավ հորս կառավարման տասը տարին, որտեղ եղան շատ ձեռքբերումներ, իհարկե’ եղան նաեւ սխալներ, բացթողումներ: Երբ մենք խոսում ենք հաջողություններից, չենք ասում, որ սխալներ չեն եղել: Իհարկե, եղել են: Բայց մենք՝ որպես նոր անկախացած պետություն, որպես ազգ, որպես հասարակություն, տարբեր փուլերով ենք անցել: Եվ անցյալից պետք է ուղղակի դասեր քաղել: Ես ուղղակի վստահեցնում եմ, որ այն արատավոր երեւույթները, որոնք եղել են թե անցյալում, թե հիմա, ամեն ինչ անելու ենք, որ դրանք չլինեն: Ես, մեր ընտանիքը’ մեր ապրելակերպով, միշտ մերժել ենք նման երեւույթները, նման դրսեւորումները: Ինձ անձամբ տհաճ է եղել այն ամենը, ինչ մենք տեսել ենք, ինչից մեր հասարակության մեծ մասը բողոքում է:
-Դուք այսօր փակ հանդիպումներ Եք ունենում, շուտով կմեկնարկի քարոզարշավը, ինչպես եք պատրաստվում անցկացնել այն:
-Հիմա այն հանդիպումները, որ տեսնում եք, դրանք հանդիպումներ են շտաբներում ընդգրկված մեր ակտիվի հետ՝ հարցուպատասխանի ֆորմատով: Եվ սա կազմակերպել բաց տեղերում ճիշտ չէ: Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա կլինեն բաց հանդիպումներ, կլինեն հանրահավաքներ, և ի վերջո, մեքն պիտի փորձենք մեր խոսքը տեղ հասցնել, մեր ցանկությունը, մեր ծրագիրը հասանելի դարձնել մեր ընտրողներին: Ու նախեւառաջ պետք է իսկապես բոլորը հասկանան, որ նախ շատ կարեւոր է ընտրություններին մասնակցելը: Եվ գործող իշխանությանը ձայն տալը նույնն է, որ քվեարկես Ալիեւի օգտին: Այն իշխանությանը, որը մեգ հասցրեց այս վիճակին, այսքան զոհ տվեց, այս ստի, կեղծիքի, չարիքի իշխանությանը, եթե էս ամեն ինչից հետո մեր քաղաքացիները փորձեն վերընտրել, կստացվի, որ, փաստորեն, Ալիեւը ճիշտ էր, եւ էն, ինչ անում է, դա հայ ժողովուրդը մարսում է, ու մի հատ էլ ուզում է շարունակի էս ամեն ինչը: Ես համոզված եմ, որ դա այդպես չի լինելու: Իրենք իրենց սպառել են, եւ իրենց վերընտրվելու շանս ես այլեւս չեմ տեսնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։