3.1 C
Yerevan
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024

Գեներալ Մանվելն ու վերջինիս կողմից 22 օր շղթայված ու խոշտանգված ազատամարտիկը կառերեսվեն

Կիսվել

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու բողոքը։ Քրեակատարողական վարչությունը դրական եզրակացություն է տվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալի դիմումին, սակայն պրոբացիոն ծառայությունից նա մերժում էր ստացել, ինչն էլ ներկայումս բողոքարկում է դատարանում։ Նախկինում ազատամարտիկը 5 անգամ դիմել է պայմանական վաղաժամկետ ազատվելու համար, սակայն նրա բոլոր բողոքները մերժվել են։ Առհասարակ, Աշոտ Իսախանյանի պատժաչափին մնացել է 1 տարի 3 ամիս, բայց նա ցանկանում է ավելի վաղ ազատ արձակվել։


Հիշեցնենք, որ Աշոտ Իսախանյանն այն ազատամարտիկն է, որին, իր պնդմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 թվականին 22 օր շղթայված պահել է ու խոշտանգել գումարային խնդիրների պատճառով։ Իսախանյանը այս տարվա հունիս ամսին դիմել էր դատարան և տեղեկացրել, որ ինքը Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում է տուժող, քանի որ Գրիգորյանն իրեն 22 օր պահել է «պադվալներում», խոշտանգել է ու սպառնացել: Դեռ Հունիս ամսին Իսախանյանը մանրամասներ էր պատմել իր հետ կատարվածից՝ նշելով. «Ծեծողներից մեկին շատ լավ հիշում եմ, իր աջ ձեռքն էր՝ Ճուտ մականունով։

Սկսեցին ծեծել, ապա մեշոկը քաշեցին գլխիս ու ինձ տարան պադվալ, ժնջիլները գցեցին վիզս ու այդպես 22 օր, օրը մի քանի անգամ գալիս ծեծում էին ինձ, խմած, հարբած գալիս ու ծեծում էին։ Մանվել Գրիգորյանն անձամբ ինքը աթոռի ոտները ջարդում էր ու ծեծում էր։ Նշեմ, որ այդ տեղում, որտեղ որ ինձ պահում էին, խոսակցություններ էին գնում, որ Մանվել Գրիգորյանն իր բանդայի հետ ազատամարտիկ էին կախել, որը հետո սարքել էին ինքնասպանություն։ Դրանից հետո Մանվելը որոշեց, որ ինձ պետք ա կրակի։

Վստահ եմ, որ կխփեր, բայց էդ պահին զանգ եկավ իրեն։ Հետո ինձ տենց ժնջիլով կապած տարան արջի վանդակը։ 3 օր նույն վանդակում համ արջն էր կապած, համ ես, կես մետր դիստանցիա էր ընդամենը»։

Այս բարձրաձայնումից հետո քրեական գործ էր հարուցվել, ազատամարտիկ-դատապարտյալը՝ ճանաչվել տուժող։

Իսախանյանի ընկերներից մեկն էլ ասել է, որ առաջիկայում սպասվում են նոր քննչական գործողություններ, այդ թվում՝ նախատեսված է առերեսում Աշոտ Իսախանյանի և Մանվել Գրիգորյանի հետ։ «Գործով զբաղվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, դատախազը։ Իրավական առումով ամեն ինչ նորմալ է՝ կա դեպք, կա կատարված հանցագործություն և հանցագործ, որը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Պատասխանատվության ենթարկվողների թվում պետք է լինի նաև Մանվել Գրիգորյանը։ Ինչ է նշանակում ազատամարտիկին գցել այդ օրը և մնալ անպատիժ։ Հետո էլ մարդու գլխին սարքելով՝ տարան նստեցրին։

Գեներալը ազատամարտիկի նկատմամբ չէր կարող նման բան անել։ Դրա համար էլ մենք իրենք չենք համարում գեներալ։ Մենք իրեն համարում ենք կռազի շոֆեր, շեբեն կրող Մանվել, որի մռութները միշտ մրի մեջ էր։ Եվ հետո զինվորի հաց գողացողը հերոս կոչվելու իրավունք չունի»,- ասաց Իսախանյանի ընկերը։

Ի դեպ, Աշոտ Իսախանյանը դեռ հունիս ամսին մեզ հետ հարցազրույցում նշել էր, որ ներկայումս էլ բանտում է գտնվում Մանվել Գրիգորյանի պատճառով։ Առհասարակ, նախկին մի քանի դատվածությունը ևս այն պատճառով է, որ Գրիգորյանը ստիպել է իր վրա վերցնել ուրիշի կատարած հանցագործությունները։ «Գլխիս սարքեցին ու ոչ մեկ անգամ։ Առաջին անգամ նստելուց հետո նորից դուրս եկա, նորից հետապնդումը շարունակեց, էլի գլխիս սարքեց, ու նորից նստեցի։ 24 տարեկան տղա էի ու էդպես ընկա նրանց ծուղակը»,- նախկինում պատմել էր Իսախանյանը։ Մեր դիտարկմանը՝ եթե անմեղ էր, ինչո՞ւ էր իր վրա վերցնում չկատարած հանցանքը։ Կարող էր իրավապահներին դիմել, բարձրաձայնել իր նկատմամբ կատարվող ճնշումների մասին, ազատամարտիկը պատասխանել էր. «Եթե էդ մարդը կարողանում էր հասնել բերդ, ուրեմն նրանից ամեն ինչ սպասելի էր։ Նրա մարդիկ եկան բերդ ու ինձ բառացիորեն ասացին, որ եթե չեմ ուզում մեռնել բանտում, ուրեմն պետք է անեմ էնպես, ինչպես իրենք են ասում։ Դա ա եղել։

Ասում եք՝ իրավապահներին դիմեի՞։ Էդ Մանվելի տղաները հենց ոստիկանության փոխգնդապետի հետ էին բերդ եկել։ Եկան, ասացին, որ իրենց Մանվել Գրիգորյանն է ուղարկել, ու եթե իրենց արածը չանեմ, կմեռնեմ բերդում։ Դա է պատճառը, որ ես ինձ վրա վերցրի ամեն ինչ։ Իսկ չէի կարող բողոքել, քանի որ այդ ժամանակ իշխանության էին հանրապետական շները՝ Սերժիկ Նարիմանովի գլխավորությամբ։

Բանդա էր ստեղծվել՝ գեներալ Մանվել, Թոխմախի Մհեր, Շմայս։ Էդ էր իրենց բանդան, որի ոտը ոչ մեկը չէր տրորում։ Իսկ հիմա, քանի որ նոր իշխանություն է, դրա համար էլ բարձրաձայնում եմ։ Նրանք ինձ խոշտանգել են, իմ ոտքերը կապել են կարմիր նիվայի հետևից ու քարշ են տվել ամբողջ Երկրապահի տարածքով»։

Այլ լուրեր

Կարդալ նաև