«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդը դադարել է բարձրագույն արժեք լինելուց։ «Բարեկարգված» ոստիկանությունում, ՔԿ-ում, բանտերում, դեռևս շարունակվում են աբորիգեն ցեղերին բնորոշ բռնություն կատարող անձինք աշխատել։
Այսօր «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ՀՀ-ում խոշտանգումների մասին ահազանգել էր ԱՄՆ դեսպանին՝ պատմելով, որ սույն թվականի ապրիլի 19-ին Շենգավիթի Քննչական բաժնում՝ Ոստիկանության փոխգնդապետ, նախկին Սիսիան և Մարտունի քաղաքների ոստիկանության պետ Գարիկ Մուրադյանի նկատմամբ խոշտանգման դեպք է տեղի ունեցել։
Դեպքի մասին ահազանգել էր նաև փաստաբան Վահան Հովհաննիսյանը, ով պատմել էր․ «Քաղաքացուն ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել․ բաժնի պետը ոտքը դրել է քաղաքացու գլխին՝ փորձելով վկայի կարգավիճակում գտնվող անձի վրայից հանել հագուստները։ Խոշտանգման դեպքը, սակայն շարունակություն է ստացել։ Խոշտանգված վկային հիվանդանոցից վերադարձրել են քաղմաս, ընդ որում չթողելով, որ փաստաբանը կամ ՄԻՊ ներկայացուցիչն իրեն տեսնեն, այնինչ անձը, պարզապես վկայի կարգավիճակում է»։
Այս դեպքից օրեր առաջ խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ևս մեկ դեպք էր գրանցվել։ Հասարակական տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ունեցած միջադեպից հետո ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին դիմակավորված անձանց կողմից խոշտանգվել էր Սամվել Վարդանյանը։
Սրանք վերջին օրերի աղմկահարույց դեպքերն են, բայց վստահաբար՝ ոչ միակը։ Նման իրավիճակում երկրի դատախազը մամուլի ասուլիս կհրավիրեր, պարզաբանումներ կներկայացներ, ի վերջո, կպատժվեին մեղավորները։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաաստանում․ նմանատիպ դեպքերը որպես կանոն «քնեցվում» են, աղմուկից հետո ՔԿ-ն հայտարարություն է տարածում որ ծառայողական քննություն է սկսվել, իսկ ինչպես է այն ավարտվում, չկա հանրային հաշվետվողականություն։
Այնինչ կային ժամանակներ, երբ ցանկացած անձի մատը փուշ մտնելն անգամ, երբ հանրային հնչեղություն էր ստանում, բոլոր միջազգային մարդասիրական կառույցները, մեկը մյուսին հերթ չտալով, դատապարտող հայտարարություններ էին անում, իսկ ընդդիմադիր ուժերն այնքան էին ակցիաներ իրականացնում, որ դեպքի պատասխանատու և մեղավոր իրավապահ կառույցի ներկայացուցիչը աշխատանքը կորցնելուց զատ, նաև հեղինակազարկվում էր։
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին էր մասնակցում, ինչից հետո նա իրեն սպասող լրագրողներին մերժեց հարցազրույց տալ, ասելով՝ «Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն»։
Ահա այս մեկ նախադասությամբ երևում է ՀՀ արդարադատության իրական վիճակը, երբ հանրային հաշվետվողականությունը բացարձակապես անկարևոր է, հոդաբաշխ պարզաբանումներ տալը՝ այս կառույցի համար ֆանտաստիկայի ժանրից։ Ինչպես կասեր դասականը՝ «Բա սրա համար էինք հեղափոխություն արել»։
Տաթև Կոստանդյան