Արդյո՞ք կանադացի ռազմական հրահանգիչները վերապատրաստել են Իրաքում ռազմական հանցագործներին

Կիսվել

CBC News-ի հաղորդմամբ՝ կանադացի ռազմական հրահանգիչները, որոնք սովորեցրել են Իրաքի ոստիկանությանը հակաահաբեկչական գործողությունների նրբությունները, տեսել են տեսաձայնագրություններ, որոնք կարող են վկայել Իրաքի անվտանգության ուժերի հնարավոր ռազմական հանցագործությունների մասին:

Երկրի ԶՈՒ հրամանատարի պաշտոնակատար Ուեյն Էյրը հայտարարել է, որ մտադիր է պարզել՝ ինչ է տեղի ունեցել երեք տարի առաջ Իրաքի հյուսիսում ռազմական ուսումնական առաքելության ժամանակ: «Երբ ես լսեցի այդ մասին, դա ինձ լրջորեն մտահոգեց»,-ասել է գեներալ լեյտենանտը: «Ես հրամայել եմ անցկացնել հետաքննություն փաստերը պարզելու համար»,-հավելել է նա:

Ավելի վաղ կանադական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մոսուլի մոտակայքում ԱՄՆ գլխավորությամբ ուսումնավարժական բազա ժամանելուց մի քանի օր անց կանադացի զինվորներին ցույց են տվել հնարավոր ռազմական հանցագործությունների տեսանյութեր: Տեսաձայնագրություններում, ենթադրաբար, ցուցադրվել են Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, որոնք մինչեւ մահ բռնաբարել են կնոջը, ինչպես նաեւ խոշտանգումների ու մահապատիժների բազմաթիվ սարսափելի օրինակներ:

Հրահանգիչները, որոնք, ինչպես հաղորդվում է, մտահոգվում էին, որ սովորեցնում են ռազմական հանցագործներին, հայտնել են այդ մասին կանադական կոնտինգենտի հրամանատարին, որը հրահանգել է նրանց չդիտել այդպիսի տեսանյութերը հետագայում եւ խոստացել բարձրաձայնել այդ հարցը հրամանատարության շրջանում: Հայտնի չէ՝ արդյո՞ք կանադացիները քննարկել են այդ հարցը ԱՄՆ բազայի հրամանատարի հետ: Այն, ինչ հայտնի է Օտավայում Կանադայի ռազմական եւ քաղաքացիական ղեկավարությանը, նույնպես վեճերի առարկա է:

Որոշ գաղտնի աղբյուրներ ենթադրում են, որ մարզիչների մտահոգությունների մասին հիշատակումը հակիրճ արվել է միայն մեկ հաշվետվությունում: Այդ հարցը կարող էր «թաղվել եւ մոռացվել», եթե տեղեկատվական երկտողը չլիներ, որը նախապատրաստվել էր վերջերս Օնտարիայում տեղակայված Թագավորական կանադական գումարտակի երրորդ վաշտի հրամանատարի համար: Այդ երկտողում հրահանգիչներից մեկն ընդգծել է, որ նա երեք անգամ փորձել է հրավիրել իշխանությունների ուշադրությունն այդ հարցի շուրջ:

Այլ լուրեր

Կարդալ նաև