3.1 C
Yerevan
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024

Ամեն ինչ վաճառել են, ոչ մի բան էլ իմ անունով չէ. Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը պատրաստվում է լքել Հայաստանը

Կիսվել

Տարիներ առաջ ունեզրկված և սնանկության դուռը հասած գործարարը, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի արդեն նախկին սեփականատեր Արմենակ Խաչատրյանը քրեական գործերից ու քաշքշուկներից հետո կրկին վերադարձել է Հայաստան, նորից փորձ արել գործ սկսել, ձու ներկրել, սակայն կրկին բախվել է պատի։ Նրան թույլ չեն տվել ձու ներկրել, իսկ իրեն պատկանող թռչնաբուծական ֆաբրիկան արդեն վաճառվել է։ Բանկն արդեն վաճառում է ներսի սարքավորումները։

Հիշեցնենք, որ Արմենակ Խաչատրյանին պատկանող թռչնաֆաբրիկան սնանկացավ ու փակման եզրին հասավ «Հայռուսգազարդ»-ի թեթև ձեռքով, որը, մեկ գիշերում կասեցնելով գազամատակարարումը, գործարանին հասցրեց ահռելի վնաս: Հոլանդական սարքավորումներով հագեցած թռչնագոմերը, տեղական արտադրանքով շուկան հագեցնելու փոխարեն, փակվեց։ Դրանից հետո գործարար Արմենակ Խաչատրյանը կործանումից փրկության ելք առաջարկեց Վրաստանի օրինակով. պետությունը սուբսիդավորում է գործարանը վերագործարկելու համար, գործարարը ապահովում է 650 աշխատատեղ 200 դոլար նվազագույն աշխատավարձով: Սակայն այն ժամանակվա կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեց գործարարին օգնելու համար։ Ապա հարուցվեցին քրեական գործեր, գործարարը լքեց Հայաստանը։

Իրավիճակի մեղմացումից հետո Արմենակ Խաչատրյանը հունիս ամսին վերադարձել է Հայաստան, փորձել կրկին իր սիրելի գործով զբաղվել, բայց անօգուտ։ «Ներկայիս կառավարությունը շատ սխալ դիրք է որդեգրել։ Այն ժամանակ էլ էր նույնը, բայց հիմա լրիվ անտարբեր վիճակ է։ Նամակներ եմ գրում, դիմումներ, վարչապետի օգնականի հետ եմ կապվում, բայց ոչ մի տեղաշարժ չկա։ Անլուրջ վիճակ է։ Այն ժամանակ գոնե Հովիկ Աբրահամյանին զանգում էի, ընդունում էր։ Թեկուզ խաբում էր, բայց ընդունում էր, լսում էր։ Իսկ հիմա բանից անտեղյակ վիճակ է, գործի հանդեպ բացարձակ անուշադրություն ու անտարբերություն է։ Երեք ընկերներով սննդի տեսչություն դիմումներ ենք գրել, երեքիս էլ տարբեր պատասխաններ են տվել ձու ներկրելու հետ կապված։ Պատկերացնում եք՝ ինչ անլուրջ վերաբերմունք է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ հավելելով. «Ես ուզում եմ ներդրում անեմ, գործ դնեմ, ձու ներկրեմ, բայց չեն թողնում, իսկ երեկ ամբողջ Էջմիածնում մի հատիկ ձու չկար, ձվի դեֆիցիտ է»։

Արմենակ Խաչատրյանի խոսքերով՝ ինքը նման ճակատագրի արժանացավ, քանի որ իր միակ թերությունն այն էր, որ կուսակցական չէր։ «Դրա համար էլ հիմա ամեն ինչ վաճառվում է՝ ֆաբրիկան, մեքենաները, տունը։ Ամեն ինչ։ Ոչ մի բան իմ անունով չէ։ Մի քանի օր առաջ վերամբարձ կռունկ էին վաճառում 50 հազարով։ Պատկերացնում եք՝ ինչ է կատարվում»,- ասաց գործարարը։

Արմենակ Խաչատրյանը այլևս հույս չունի, որ Հայաստանում իրեն կհաջողվի գործունեություն ծավալել։ Միակ հույսը նոր կառավարության հետ էր, բայց փոփոխություն, դրական ազդակներ նաև նոր կառավարությունից չի ստացել. «Ինձ բան չի մնում, քան կնոջս, երեխաներիս վերցնեմ ու գնամ ես երկրից։ Իրենք իրենց գործունեությամբ դա են ինձ հասկացնել տալիս։ Հիմա ոչ դատավորը վախ ունի, ոչ քննիչը, բոլորը նախկին ձեռագրով գնում են առաջ։ Ես էլ չեմ կարողանում այլևս երկար դիմադրել»,- եզրափակեց Խաչատրյանը։

Այլ լուրեր

Կարդալ նաև