Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկրորդ անձն է ձերբակալվել: Այս մասին compromat.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ձերբակալվածը կասկածվում է սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ:
Նշենք, որ խոսքը միջադեպի մասնակից Արթուր Թովմասյանի մասին է:
Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ձերբակալվել էր ևս մեկ անձ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանի 24-ամյա որդին. վերջինս կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ:
Սոնա Տռուզյանի խոսքով՝ քննություն իրականացնող մարմինն արդեն իսկ տեղեկություններ ունի տեղի ունեցած դեպքի մասնակիցների վերաբերյալ, այժմ գործողություններ են կատարվում միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Աբովյան քաղաքի Պարտեզ ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ անձ՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը մահացել է: Ռեստորանային համալիրն, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Աբովյանում գտնվող վուլկանացման կետի աշխատակիցները դժգոհել են Մելիքսեթ Մանուկյանի ազգականների և որդու խոսելու տոնից, որն էլ դարձել է վիճաբանության առիթ: Վիճաբանող կողմերը պայմանավորվել են հանդիպել «Պարտեզ» ռեստորանի տարածքում, որտեղ էլ հնչել են կրակոցները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը) եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):
Միջադեպից հետո դրա մասնակիցներից ոմանք տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ: