Հարցազրույց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։ hraparak.am
— 2018 թվականի մայիսից պաշտոնավարում եք, 2000-ից՝ համակարգում․ նախ կուզենայի իմանալ՝ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում Ձեր նշանակմամբ աշխատանքային սկզբունքների, գործելաոճի առանցքային փոփոխություն իրականացրե՞լ եք։
— Առանցքային փոփոխությունն այն է, որ այսօր մենք զբաղվում ենք հիմնականում մեր գործառույթներով։ Հիմա հարց կառաջանա, թե նախկինում ի՞նչ են արել․ ես բազմիցս նշել եմ, որ նախկինի գործելաոճը չեմ մեկնաբանել եւ մնալու եմ այդ սկզբունքին հավատարիմ։ Իմ նշանակումից հետո բոլորի մոտ այն տպավորությունն է, որ ԱԱԾ-ն զբաղվում է բացառապես կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների բացահայտմամբ։ Իրականում այդպես չէ, պարզապես նշվածներն այն մասն են, որոնք մենք կարողանում ենք հրապարակել, հանրությանը ներկայացնել։
— Այդուհանդերձ, այսօր էլ ԱԱԾ-ն քննադատողներ կան, որ կառույցը դարձել է հեղափոխական իշխանության քաղաքական գործիքը՝ հեռացել է իր հիմնական գործառույթներից, փորձում է ազդել որոշակի շրջանակների վրա, դատավորների վրա եւ այլն։
— Ես, ճիշտն ասած, լուրջ շրջանակներից նման գնահատականներ ու քննադատություններ չեմ լսել։ Եթե լինի նման դեպք, որ մենք քաղաքական գործիք ենք դարձել նոր իշխանությունների ձեռքում, կհիմնավորվի, կպատասխանեմ… Հավատացեք, այսօրվա քաղաքական իշխանությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ուղղակի բացառում է նման գործելաոճը։ Ինձ առաջին օրը նշանակել է եւ ասել՝ գնա զբաղվիր քո գործով, քաղաքականության մեջ ԱԱԾ-ն գործ չունի․ ես փորձում եմ եւ կարծում եմ՝ ստացվում է՝ ԱԱԾ-ն զերծ պահել քաղաքական որեւէ պրոցեսի մեջ խառնվելուց։
Վերջին ընտրությունը դրա վառ օրինակն էր, երեւի թե ՀԿ-ների, քաղհասարակության ներկայացուցիչները, լրագրողական համայնքը կբարձրաձայնեին այդ մասին, եթե ԱԱԾ-ն մի բան աներ։ Մենք իրականացնում ենք միայն օրենքով մեզ վերապահված գործառույթներ, եւ Ձեր ասած քննադատություններն անհիմն ու անլուրջ են։ Ինչ վերաբերում է հիմնական գործառույթներից հեռանալուն, ապա ասեմ, որ քիչ առաջ նոր զեկույց եմ ներկայացրել, ամբողջը վերաբերում է արտաքին հետախուզությանը, ներքին հակահետախուզությանը։ Այսինքն՝ մեր հիմնական ու գլխավոր հակառակորդները, գաղտնիք չէ, Ադրբեջանն ու Թուրքիան են, մշտապես աշխատանքներ են կատարվում, շատ ծանր աշխատանքներ, որը պահանջում է մեծ նվիրում եւ պրոֆեսիոնալիզմ։ ովքեր անում են այդ գործը՝ հետախույզներն ու հակահետախույզները, իրականում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ են, չեմ վախենա ասել՝ նվիրյալներ են, որոնք, սակայն, երբեք չեն երեւում, իրենց ոչ ոք չի տեսնում, չի ճանաչում։ Եթե ԱԱԾ-ի «երեւացող» աշխատողը կարող է մի տեղ իրեն լավ զգալ՝ հարաբերական իմաստով, այդ մարդիկ ընդհանրապես ոչ մի տեղ ո՛չ երեւում են, ո՛չ էլ իրենց արված գործերի մասին ինչ-որ մեկն իմանում է։ Շատ անգամներ նրանց աշխատանքը գուցե վերագրվի այլ գերատեսչություններին, դեսպանատներին եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչական բնույթի սպառնալիքներ են հնչում, որոնք, փառք Աստծո, կարողանում ենք կանխել, տիրապետում ենք իրավիճակին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում